Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Ծրագրերի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ կլինեն մեծ միջոցներ»

«Ծրագրերի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ կլինեն մեծ միջոցներ»
17.10.2008 | 00:00

«ՈՐՊԵՍԶԻ ՄԵՂՄՎԵՆ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում կայացած կառավարության երկրորդ արտագնա նիստում գործադիրը հավանություն տվեց մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին: Սույն փաստաթղթի մանրամասների մասին «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ։
-Պարոն Տերտերյան, նախ, խնդրեմ, ներկայացրեք, թե ինչպիսի կառուցվածք են ունենալու այդ ծրագրերը:
-Առաջինը, անշուշտ, մարզերի կայուն զարգացման ապահովումն է հատկապես այն ուղղություններով, որոնք մարզերի համար համարվում են, մի կողմից, գերակա և հեռանկարային, իսկ մյուս կողմից՝ նույն մեթոդաբանական հենքի վրա կառուցված ծրագրերը հնարավորություն կտան իրականացնելու քայլեր` ծրագրելով դրանք տեսանելի ապագայում, որպեսզի մեղմվեն մարզերի միջև առկա անհամաչափությունները: Այսինքն, առաջին՝ հնարավորություն կտան համալիր ուսումնասիրել մարզերի վիճակը և այդ իրավիճակները համեմատել, և երկրորդ` նախանշել այն հեռանկարային ու ռազմավարական ուղղությունները, որոնք թույլ կտան մարզերում ավելի արագ արդյունքների հասնել ու, բնականաբար, այդ տարբերությունները մեղմելուն ուղղված քայլեր ձեռնարկել: ՈՒզում եմ հատկապես շեշտել, որ մարզային զարգացման ծրագրերն իրենց տրամաբանությամբ կարող են կառավարության համար լուրջ գործիք հանդիսանալ ռեսուրսների բաշխումը որոշակի տրամաբանությամբ, այսինքն` տարածքային տրամաբանությամբ, իրականացնելու համար: Հանձնարարվել է, որ հայեցակարգը քննարկվի գիտական շրջանակներում: Ծրագրերը նաև ներկայացվել են տնտեսագիտական ինստիտուտներ, փորձել ենք հայեցակարգում ընդգրկել ժամանակակից կառավարման և գիտական բոլոր մոտեցումները: Ի դեպ, այս հայեցակարգը էական տարբերություն ունի մինչ այժմ մշակված ծրագրային փաթեթներից: Նախատեսվում է մարզային զարգացման ծրագրերի մշակման հենց առաջին քայլից բնակչության տարբեր շերտերի, համայնքների, հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն: Այսինքն, սա մի հայեցակարգ է, որը, մեր պատկերացմամբ, թույլ է տալիս և հնարավոր է դարձնում թե՛ վերևից եկող պատկերացումները, թե՛ ներքևից եկող նախաձեռնություններն ինչ-որ հարթության վրա ներդաշնակեցնել և ունենալ համաձայնեցված զարգացման ծրագիր, ինչն ընդունելի և նպատակահարմար կհամարվի կառավարման վերին մակարդակների համար և, բնականաբար, ընկալելի կլինի բնակչության կամ համայնքների հասարակական այն կազմակերպությունների համար, ում ուղղված է այս ծրագիրը:
-Այժմ խոսենք այդ ծրագրերի մշակման մասին: Եթե չեմ սխալվում, ենթադրվում է եռակողմ` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև տեղական ՀԿ-ների համատեղ աշխատանք, ընդ որում, ինչպես մշակման, այնպես էլ իրականացման փուլում: Հաշվի առնելով, որ այս կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումներն է պնդելու ծրագրում ամրագրելու համար, կխնդրեի ներկայացնել, թե ում կողմից է իրականացվելու այդ ծրագրերի մասնագիտական վերլուծությունը, և վերջնարդյունքում որ մարմինն է հաստատելու այն, որպեսզի խուսափենք կամայականություններից:
-Վերջնական ծրագրերը կհաստատվեն կառավարության կողմից: Ինչ վերաբերում է ծրագրերի կազմման մասնագիտական մասնակցությանը, ապա այն նախատեսված է հենց առաջին իսկ քայլից: Ստեղծվում են ոլորտային աշխատանքային խմբեր, որտեղ ներգրավվում են մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՀԿ-ներ և այլն: Այնտեղ ներգրավված են համայնքներ և, անպայման, ոլորտային նախարարությունների մասնագետներ: Ի սկզբանե աշխատանքները, պայմանականորեն ասած, գտնվում են վերևի ու ներքևի համատեղ ներդաշնակ համագործակցության շրջանակներում: Պատրաստի ծրագրերը քննարկվում են մարզային զարգացման խորհրդի նիստում, հաստատվում մարզխորհրդի նիստում, այնուհետև մարզպետի կողմից ներկայացվում են մեր` տարածքային կառավարման նախարարություն: Նախարարությունն էլ իր կողմից, վերլուծությունից բացի, սահմանված ընթացակարգի համաձայն, ծրագրերը մանրամասն ներկայացնում է նախարարություններին, պետական կառավարման մարմիններին, և միայն դրանից հետո համաձայնեցված տարբերակը ներկայացվում է կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նշեմ, որ զարգացման ծրագրերի համար հիմնարար և բազային փաստաթղթեր են հանդիսանալու ազգային ծրագրերը, նախարարությունների ոլորտային գերակայությունները, այսինքն՝ դոմինանտ են լինելու կառավարության և ազգային մակարդակով ընդունված ծրագրերը: Բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ունենք տեղական ռեսուրսների, նախաձեռնությունների կենտրոնացման կարիք, ու, բացի այդ, կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ շեշտադրում է արել նաև մասնավոր հատվածի ակտիվությունը բարձրացնելու հարցում: Շատ հաճախ տեսնում ենք, որ մասնավոր հատվածի` տեղական ռեսուրսների շրջանակում որոշակի նախաձեռնությունները ստիպված են լինում կարգավորել պետական մեքենայի հետ, համաձայնեցնել տարբեր բաներ, ընդ որում, շատ դեպքերում դրանք համաձայնեցված չեն լինում մեր իսկ իրականացրած քաղաքականության հետ: Այսպիսով, մարզային զարգացման ծրագիրը կհայտարարի այն գերակա ուղղությունները, որոնք կան մարզում, դրանով իսկ հստակեցնելով նաև կառավարության դիրքորոշումը դրանց նկատմամբ ու կնախատեսի կոնկրետ միջոցառումներ, որոնք կա՛մ իրականացվելու են, կա՛մ ցանկալի կլինի իրականացնել, որպեսզի ապահովվի մարզի կայուն զարգացումը: Այս պարագայում ցանկացած ներդրող, ծանոթանալով մարզի զարգացման ծրագրին, հաստատ կգտնի իր տեղն ու վստահ կլինի, որ այդ շրջանակներում ինքը կվայելի կառավարության և պատկան մարմինների օժանդակությունը, և որ իր ճիգերն ու ջանքերը համահունչ կլինեն այդ ծրագրերին` ունենալով ավելի արագ իրականացման հնարավորություն:
-Պարոն Տերտերյան, չշրջանցենք նաև մարզերի զարգացման ծրագրերի ֆինանսավորման հարցը: Ակնհայտ է, որ դա քիչ գումարներ չի պահանջելու: Իսկ ի՞նչ միջոցների հաշվին է ապահովվելու այն:
-Իհարկե, ծրագրերի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ կլինեն մեծ միջոցներ: Բայց պետք է այս հարցերին նայել այլ տեսանկյունից: Այս ծրագրերի իրականացման հիմնական նպատակը ոչ թե միջոցների ներգրավումն է, այլ եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այսինքն, առկա հնարավորություններն այնպես տեղաբաշխել, որպեսզի արդյունքում ունենանք մարզերի համաչափ զարգացում կամ, այլ կերպ ասած, մարզերի զարգացման մեջ անհամաչափությունների մեղմում: Սա, թերևս, կարևորագույն խնդիրներից մեկն է: Հաջորդն այն է, որ, այնուամենայնիվ, կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի առկայությունը հնարավորություն կտա ավելի մեծ մասնավոր միջոցներ ներգրավել այն ոլորտների զարգացման ուղղությամբ, որոնք նախատեսված են մարզային զարգացման ծրագրերում: Չենք բացառում նաև միջազգային որոշակի ֆինանսական օժանդակությունը, քանզի արդեն իսկ ունենք ծրագրերի վերաբերյալ դրական արձագանքներ եվրահանձնաժողովից և, առաջ ընկնելով ասեմ, որ նաև որոշակի քայլեր ենք ձեռնարկել` հուսալով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի որոշակի խոշոր ռեսուրսներ ներգրավել մարզերի համաչափ զարգացումն ապահովելու համար: Փաստենք, որ մարզային զարգացման հայեցակարգերի և ծրագրերի նկատմամբ, համենայն դեպս, առաջին դրական արձագանքներն արդեն կան այս կառույցի կողմից, և հուսով եմ, որ բովանդակային առումով մեր նախարարությանը կհաջողվի խնդիրը հասու դարձնել նրանց ու միջոցներ ներգրավել: Սա, իհարկե, մի ուղղղությունն է, կան մի քանիսը, որոնց ուղղությամբ աշխատում ենք, և երբ հաջողություններ ունենանք, անպայման հասարակությանը կտեղեկացնենք:
-Մեկ հարց ևս ճշտենք: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է նախատեսվում վերանայել մարզային զարգացման ծրագրերի թիրախներն ու ցուցանիշները:
-Ընդհանուր առմամբ, մարզային զարգացման ծրագրերը կազմվում են եռամյա կտրվածքով, բայց այս ծրագրերն ունեն երկու կարևոր բաղադրիչ ևս: Առաջինը մոնիտորինգի համակարգն է: Այս ծրագրերը կգտնվեն անընդհատ մոնիտորինգի տակ, ինչը հնարավորություն կտա հետևել ոչ միայն դրանց իրականացման ընթացքին, այլև իրավիճակին: Այսինքն, եթե պարզվի, որ որևէ խոշոր ներդրման կառուցվածքային իրավիճակ է փոխվել, և մեր ծրագիրը հեռանում է ակտուալությունից, ապա այդ պահից սկսած, ցուցանիշների կտրուկ կամ անսպասելի փոփոխությունից ելնելով, անհապաղ կվերանայենք ծրագիրը և կհարմարեցնենք այդ իրավիճակին: Ունենք նաև երկրորդ բաղադրիչը, այն է՝ ամբողջ մարզի համար միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչն իրականում կհանդիսանա հզոր գործիք` մոնիտորինգի իրականացման և իրավիճակի անընդհատ վերահսկման առումով:
Զրուցեց Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ